Armlady.am-ը զրուցել է Քրիստինե Պեպելյանի հետ հագուստի ընտրության, գնումների, բրենդամոլության մասին եւ ոչ միայն: -Ինչքա՞ն գումար եք ամսական վատնում հագուստ գնելու համար: -Ասեմ, որ վատնել խոսքը, շատ հաճախ լինում է և տեղին, և երբեմն անտեղի, որովհետև իրականում հագուստի վրա մենք իսկապես վատնում ենք գումարներ, որը կարելի էր և չանել, բայց քանի որ մենք աշխատում ենք բեմում և, բնականաբար, բեմը բավական հետաքրքիր և գեղեցիկ կերպարներ է պահանջում, մենք ստիպված ենք լինում ոչ թե վատնել այս դեպքում, այլ նաև ծախսել համապատասխան գումարներ՝ գեղեցիկ և ներկայանալի լինելու համար: Թե ինչքան գումար եմ ամսական վատնում հագուստ գնելու համար, դժվար կլինի ասել, քանի որ դա կապված է նրա հետ, թե ինչ ունեմ այդ ամսվա ընթացքում անելու, քանի ելույթ ունեմ, որոնց պիտի պատրաստվեմ, բայց եթե ստանդարտ ամիսների մասին ենք խոսում, ապա ասեմ, որ ես շատ սիրահար չեմ շոպպինգի, որովհետև ես խանութներից շատ հոգնում եմ: -Բրենդամո՞լ եք,ո՞ր բրենդն է Ձեզ համար ամենանախընտրելին: -Միգուցե այս հարցը շատերի համար ակտուալ է, բայց ինձ համար այն անտեղի է, և շատերին, միգուցե,
կզարմացնի իմ պատասխանը, բայց այսօր գոյություն ունեն բրենդեր, որոնց անունները ես նույնիսկ չգիտեմ և ինձ չեմ էլ ծանրաբեռնում այդ տեսակ տեղեկատվությամբ, որովհետև ես իսկապես բրենդամոլ չեմ և չգիտեմ, թե որ գույնն է այդ տարի թրենդային և որն է ակտուալ: Ես գիտեմ, թե որն է հարմարավետ ինձ համար և ինչ եմ սիրում ես և որտեղ եմ ես ավելի գեղեցիկ ու ինչ հագուստ է պետք կրել ինձ, որպեսզի ես կարողանամ ներկայանալ շատ սիրուն և շատ կոկիկ: Այդ իսկ պատճառով ինձ համար անունները կարևոր չեն: Ես համոզված եմ, որ ես բրենդամոլ չեմ: – Ամենաէժան ու ամենաթանկ հագուստը, որ գոյություն ունի Ձեր զգեստապահարանում: -Ես պատկանում եմ այն մարդկանց դասին, ովքեր գնի մասին շատ չեն մտահոգվում և ում համար բոլորովին կարևոր չէ տվյալ ապրանքի (հագուստի կամ կոշիկի) արժեքը: Բնականաբար, մենք բոլորս ձգտում ենք հարմարավետության, ձգտում ենք գեղեցիկի, բայց ես չեմ տեսնում որևէ խնդիր, օրինակ` շատ թանկարժեք պայուսակը համադրել, ամենահասարակ վերնաշապիկի հետ, որը բոլորովին «անուն չունի», այդ իսկ պատճառով չէի ցանկանա շատ արժեքներից խոսել, բայց ինձ համար թվերը դրանք զուտ թվեր են: