Առաջարկում ենք պատրաստել շատ համեղ ու ախորժելի թխվածք՝ օգտագործելով անուշաբույր թարմ խնձոր: Թխվածքը ստացվում է փափուկ, բայց խրթխրթան կեղևով: Այն այնքան պարզ պատրաստման եղանակ ունի, որ կցանկանաք հաճախ թխել և ուրախացնել մտերիմներին: Անհրաժեշտ բաղադրիչներ. խնձոր՝ 4 հատ, ալյուր՝ 1 բաժակ, շաքարավազ՝ 150գ, ձու՝ 5 հատ, վանիլի շաքար՝ 15գ, թթվասեր՝ 60գ,
կարագ՝ 100 գ, փխրեցուցիչ՝ 10 գ, աղ՝ մի պտղունձ։ Պատրաստման եղանակ. Առաջին հերթին պատրաստել խմորը: Խորը տարայի մեջ խառնել ձուն, շաքարավազը: Ավելացնել աղն ու հալեցրած կարագը: Նորից խառնել: Այժմ ավելացնել թթվասերն ու վանիլինը: Խառնել բաղադրիչները, որ համասեռ զանգված ստացվի: Ալյուրը միացնել փխրեցուցիչի հետ, մաղել հեղուկ զանգվածի մեջ: Պիտի ստացվի համասեռ խմոր:
Հեռացնել խնձորների կեղևն ու միջուկը, կտրատել: Խնձորը լցնել խմորի մեջ, խառնել: Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով: Լցնել խմորը և բաշխել ամբողջ մակերեսին: Թխել 180 ջերմաստիճանի ներքո, մոտ 20 րոպե: Ժամանակը կախված է տապակի չափից, պատրաստ լինելը կարող եք ստուգել չոփիկով: Թխվածքը տապակից հանելուց հետո թողեք, որ սառի մի քանի րոպե, ինչից հետո մատուցեք: